Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Դպիրից կարդացի 《Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը》 հոդվածը։ Դեռևս դպրոցահասակ տարիքում ունեի սկզբունքային անհամաձայնություններ հարնակրթական դպրոցի մոդելի հետ, վստահ էի, որ հանրակրթական դպրոցը 《թևեր կտրելու》, հեշտ կառավարվող, կանխատեսելի մարդկանց հասարակություն ստեղծելու առաքելություն ունի։ Ստեղծող, հետազոտող, հետաքրքրասեր և 1000 ու մի հարց ունեցող երեխան, ում բնական պահանջն է գիտելիք ձեռք բերելը, հանկարծ հայտնվում է մի միջավայրում, որը հիմնովին կոտրում է երեխայի մոտ հետաքրքրությունը, հետազոտելու, նորը իմանալու բնական ձգտումը։ Լիովին համաձայն եմ հոդվածում տեղ գտած մտքերի հետ։ Իրականում սարսափելի է գիտակցելը, ընդունելը այդ իրականությունը, դիտավորությունը, բայց այդ բացահայտ ճշմարտությունը շարունակ մերժելը էլ ավելի սարսափելի կլինի։ Կարծում եմ հոդվածը սթափեցնող կլինի շատ մանկավարժների համար։

Աիդա Պետրոսյան. Տառուսուցում. ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը

Դպիրում կարդացի Աիդա Պետրոսյանի «Տառուսուցում. ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը» հոդվածը, և սիրտս մի տեսակ ջերմությամբ լցվեց: Որքան քնքշանք, հոգատարություն, ապրումակցում կար, որքան երեխայակենտրոն էին բոլոր մտքերը: Հոդվածում Աիդա Պետրոսյանը գրում է. «-Տխուր, անկենդան, օտար տառեր, որոնք գրելու համար այնքան ջանք ենք թափում, տրամադրություն ու առողջություն փչացնում: Հետո ասում ենք՝ գրել չեն սիրում: Է՛, ոնց սիրեն, երբ այդ գիր ասվածն այդքան տհաճ բան է, երբ դրա համար մայրն ու հայրը ամենաքիչը օտար են դառնում: Իրեն սիրելի աշխարհն էլ, որտեղ ամեն ինչ այնքան լավ էր, հանկարծ անծանոթ, անընկալելի է դառնում:»  Continue reading »

Մանկավարժական ինվարիանտներ

Դեռևս դպրոցական տարիներից ունեի սուր անհամաձայնություն հանրակրթական դպրոցներում տիրող մթնոլորտի, դրվածքների, ուսուցիչ-սովորող հարաբերությունների հետ։ Հատկապես ուսուցիչների կողմից խրախուսվող և հաճախ հրահրվող ծաղրը, սովորողներին 《գերազանցիկների և ծույլերի》 բաժանելը, կանխակալ գնահատումը, երեխաների համար ոչ բնական միջավայրի ստեղծումը, որտեղ սովորողը պարտավոր է 40 րոպե անշարժ նստել, ինչը անսահման էներգիայով լի, հետաքրքրասեր և հետազոտող երեխայի համար բացարձակ բնական չէ։ Արդեն ուսանող տարիներին սկսեցի հետաքրքրվել Մարիա Մոնտեսսորիի դասավանդման մեթոդներով։ Դրանք իմ աշխարհայացքին, նորմալի և աննորմալի մասին պատկերացումներին առավել մոտ թվացին։ Սկսեցի 《փնտրել》դպրոց, որն այդ արժեքների կրողն է, որը ոչ միայն անվանմամբ, կամ նկարագրությամբ է համապատասխանում այդ արժեքներին, այլ նաև ներածությամբ։ Այդ դպրոցը ինձ համար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն էր, որն էլ հետագայում առանց վարանելու ընտրեցի, որպես իմ երեխաների կրթօջախ։ Ծանոթանալով Սելեստեն Ֆրենեի մանկավարժական ինվարիանտներին, կարող եմ ասել, որ դրանք լիովին համապատասխանում են իմ պատկերացումներին, և իսկապես, այլ տարբերակ լինել չի կարող։ Դրանք լրիվ բնական, արդար և օրգանիկ են։ Այն փոքրիկ վերապահումները, որ կարող են առաջանալ ինվարիանտների անվանումները կարդալիս, տրված են ինվարիանտների նկարագրություններում ևս։ Օրինակ, 5-րդ ինվարիանտն ասում է《Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել》։ Ինվարիանտի նկարագրության մեջ բերվում են բնական բացառություններ, որոնց մասին կարելի է մտածել, երբ կարդում ես ինվարիանտի անվանումը 《Կան խաղեր կամ կոլեկտիվ պարապմունքներ, օրինակ` սպրոտային, երբ այդպիսի հրամանը ընկալվում է որպես անհրաժեշտ պայման և ոչ մի խնդիր չի առաջացնում…..》։ Ինքս ժամանակակից մանկավարժության ինվարիանտները բնականոն և անվիճելի համարելով, օգտվում եմ դրանցից, քանի որ դրանք իմ էության և աշխարհայացքի անբաժան մասն են։

Դպիր. Մանկավարժական ինվարիանտներ

Մարիետ Սիմոնյան. Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա

Կարդալով Մարիետ Սիմոնյանի Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա հոդվածը, ծանոթանալով կրթահամալիրի ստեղծման և հիմնադրման պատմությանը, նոր հայացքով սկսեցի նայել կրթահամալիրում իմ կատարած աշխատանքին: Կրթահամալիրում աշխտող յուրաքանչյուր անհատի դերը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել: Այս դեպքում, մեր դերը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ սերունդ ենք կրթում, այլև այն պատճառով, որ կրթության մի նոր, հեղափոխական ծրագիր ենք բերում մեր իրականություն, որը ընդօրինակում և կրկնօրինակում են այլոք, կիրառում սեփական պրակտիկայում, ինչը, ըստ իս, միայն գովելի է, քանի որ կրթահամալիրը ձևավորում է մտածող և ստեղծագործող անհատների, վերլուծական մտածողություն ունեցող մարդկանց, դաստիարակում է ստեղծողների, ոչ թե սպառողների սերունդ:

Յուրա Գանջալյան. Գիտական բարեվարքությունը հետազոտական աշխատանք գրելիս.

Յուրա Գանջալյանը իր հոդվածում բարձրացրել է գրագողության հարցը: Հոդվածում հեղինակը օգնում է տարբերակել, թե ինչը կարող է համարվել գրագողություն, ինչը՝ ոչ, և ինչպես խուսափել գրագողությունից: Continue reading »

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

«Ուսումնական աշխատանքի գնահատման կարգը» ենթադրում է սովորողների կողմից կատարված աշխատանքի գնահատումը բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Ըստ ուսումնական աշխատանքի գնահատման կարգի, սովորողին գնահատելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ: Առաջին բաղկացուցիչ մասն է ուսումնառությունը: Ուսումնառությունը գնահատելիս հաշվի է առնվում ոչ միայն ընդհանուր բաղադրիչը, այլ նաև ակումբային գործունեությունը, լրացուցիչ կրթությունը, սովորողի ընտրությամբ դասընթացը կամ գործուներությունը: Երկրորդը պայմանագրային պարտավորություններն են՝ բացակաների քանակը, ուշացումների քանակը, ուսումնական վճարի ուշացումը, այլ խախտումներ, նկատողություններ, խրախուսանք, մրցանակներ: Այս կետով գնահատվում է սովորողի պարտաճանաչությունը, պատասխանատվության զգացումը: Սովորողների ակտիվությունը, նախաձեռնող լինելը, հանրօգուտ աշխատանքների իրականացումը նույնպես խրախուսվում և գնահատվում է: Օրինակ՝ ընդհանուր պարապմունքի մասնակցությունը, ուսումնական պարապմունքի մասնակցությունը, մեդիաուրբաթի մասնակցությունը, բլոգավարությունը, դպրոցի կայքում հրապարակումներ կատարելը,  թարգմանություններ կատարելը, համերգի, ստեղծագործական հավաքի մասնակցությունը, ճամբարի, ճամփորդություններին մասնակցությունը, ֆլեշմոբին մասնակցությունը, շրջակա միջավայրի բարելավումը և այլն: Այսպիսով, երբ սովորողին գնահատում ենք հաշվի առնելով գնահատման կարգը, կարողանում ենք ստանալ ամբողջական պատկեր, չգնահատելով սովորողի միայն այս կամ այն ունակությունը, այլ տալով արդար և օբյեկտիվ գնահատական:

Կարծիք Միխայիլ Պոստնիկովի 《Ապագայի թեքումով դպրոց》հոդվածի վերաբերյալ

Միխայիլ Պոստնիկովը իր հոդվածում գրում է.《Անընդհատ բողոք եմ լսում դպրոցից, թե գործնական կյանքին չի պատրաստում, ներդաշնակորեն  զարգացած անձ, քաղաքացի չի դաստիարակում: Սպասում եմ` ով և երբ կբացատրի, թե ինչու դպրոցը հասարակության պահանջներին չի համապատասխանում: Բողոքում են գերբեռնվածությունից, անհաջող ծրագրերից, մեթոդներից… Սակայն դպրոցի, որպես համակարգի, գլխավոր հակասությունը չբացահայտված է մնում։》Ընտրելով գիմնազիան, որպես խորհրդային դպրոցի նախատիպ, շատ կարևոր փաստ հաշվի չի առնվել, գիմնազիայում սովորողը, նաև տնային դաստիարակություն է ստացել, զբաղվել երաժշտությամբ, արվեստով, իսկ հանրակրթական դպրոցը չի ընդգրկել այդ առարկաները, ըստ Պոստնիկովի, հենց սա է պատճառներից մեկը, թե ինչու էին գիմնազիայից դուրս գալիս կիրթ մարդիկ, իսկ հանրակրթական դպրոցներից՝ ոչ այնքան։  Լիովին համաձայն եմ այս մտքի հետ։ Կարծում եմ, որ այսօր հանրակրթական դպրոցները կենտրոնանում են անկարևորի վրա, գրքեր-գրքեր ու էլի գրքեր, թեորեմներ, անգիր արվող նյութեր, մաթեմատիկական խնդիրների անվերջանալի շարքեր, ազգանուններ, թվականներ և շատ այլ ինֆորմացիա, որը առօրյա կյանքում կիրառելի չէ, և շատ հեշտ մոռացվում է։ Փոխարենը անտեսվում է արվեստը, մշակույթը, երեխայի առողջությունը, ստեղծագործելու և գեղեցիկը տեսնելու կարողությունը։ Խոսելով գրագիտության մասին Պոստնիկովը նշում է, որ դա միայն մայրենի լեզվով գրագետ գրելու հմտությունը չէ, այլ նաև օտար լեզուներով գրագետ հաղորդակցվելու, համակարգչից օգտվելու կարողությունը, գիտությունների մասին ընդհանուր պատկերացումը։ Պոստնիկովը իր հոդվածում նաև խոսում է բարոյագիտության, գեղագիտության մասին, այս կետերի հետ նույնպես լիովին համամիտ եմ։ Ֆիզիկական կուլտուրայի մասին խոսելիս, նշում է շատ կարևոր խնդրի մասին,  որն է երեխաներին բժշկական ցուցումով ֆիզկուլտուրայի դասերից ազատելը, մինչդեռ գոյություն ունի բուժական ֆիզկուլտուրա, և շատ կարևոր է, որ առողջական խնդիրներ ունեցող սովորողները նույնպես զբաղվեն մարմնամարզությամբ, անգամ, եթե դա սովորեցնողից հավելյալ ջանքեր և ժամանակ է պահանջելու։ Պոստնիկովը նաև խոսում է մաթեմատիկայի ժամերը կրճատելու մասին։ Ինքս կարծում եմ, որ մաթեմատիկայի դասաժամերը կրճատելու փախարեն ավելի արդյունավետ կլինի դրանք ժամանակին առավել համընթաց դարձնելը, ինչպես նաև այդ դասաժամերին ավելի շատ ժամանակ տրամաբանական խնդիրներին տրամադրելը։ Բնական գիտությունների դասաժամերը նույնպես կարծում եմ պետք է ավելի հետաքրքիր, գործնական միջավայրում, որոշներն էլ բնության գրկում կազմակերպվեն։ Ինքս 10 տարի սովորելով հանրակրթական դպրոցում երբեք քիմիական փորձ չեմ արել, մանրադիտակով ուսումնասիրություններ չեմ իրականացրել։ Ուսուցման նման մեթոդը խիստ նվազեցնում էր առարկայի նկատմամբ հետաքրքրությունը։ Կարծում եմ,  Միխայիլ Պոստնիկովի գլխավոր միտքը այն էր, որ հանրակրթական դպրոցները պետք է սկսեն կարևորել բովանդակությունը, այլ ոչ թե ձևը, պետք է դաստիարակեն կիրթ, բազմակողմանի զարգացած, մտածող և առողջ մարդկանց, ում գերնպատակը ոչ թե ինչ-որ բուհ ընդունվելն է, այլ այս կյանքի իրական խնդիրների դեմ բախվելիս հաղթանակած դուրս գալը, ապրելը, գեղեցիկը, դրականը, լուսավորը գնահատելը, պրակտիկ գիտելիքներ ունենալը։

Կարծիք Բորիս Բիմ-Բադի 《Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում》 հոդվածի վերաբերյալ

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է։ Իր հոդվածում նա խոսում է դպրոցների և ուսուցիչների բացթողումների մասին։ Հոդվածում տեղ գտած մտքերի հետ լիովին համամիտ եմ։ Կարծում եմ, որ սովորողին տրվող ամենամեծ զենքը պիտի ոչ թե անգիր արված գիտելիքը լինի, որը որքան շուտ յուրացվում, այնքան շուտ էլ կարող է մոռացվել, այլ մտածելու, տրամաբանելու, սեփական հարցերի պատասխանները ինքնուրույն փնտրելու և գտնելու ունակությունը։ Մտածող, ստեղծագործող մարդը, այն անհատը, ով ունակ է տարբերակել հավաստի տեղեկատվությունը կեղծից, ով կասկածում է, մտածում, փորձում նորը, երբեք անզեն չի մնա։ Երբ դաստիարակում ենք կարծրատիպային մտածողությամբ մարդկանց, մարդկանց, ովքեր ծաղրում են իրենց համար անծանոթ ցանկացած երևույթ, ովքեր վստահ են, որ բոլոր հարցերի համար կա միայն մեկ ճիշտ պատասխան, փաստացի կանգնեցնում ենք մարդկությանը հետընթացի վտանգի առջև, քանի որ միայն կասկածող, ոչերին և անհնարիններին դեմ գնացող մարդիկ են ստեղծում նորը, անում նորանոր բացահայտումներ, կյանքի կոչում երբեմնի անհնարին և ծիծաղելի թվացող մտքերը։ Իսկ այսօր, ցավոք, ականատես ենք դառնում մի երևույթի, երբ դպրոցում ուսուցիչը խրախուսում է ծաղրը, մյուսներից տարբերվող սովորողների մեկուսացումը,  ճնշում է երեխաների մեջ ստեղծագործ միտքը, ինչը միանշանակ դրական արդյունքի չի հանգեցնելու։